ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Օդի տարերքը տարբեր նշանների համար տարբեր է: Ջրհոսը ստեղծվել է քամուց, ամպերից և երկնային բարձունքի օդից, և «ճախրում է օդում» արտահայտությունը հենց նրա մասին է ասված: Արդուհանդերձ Ջրհոսը ուժեղ անհատականություն է՝ իր բազմաբնույթ հետաքրքրություններով: Իրական հոգևոր արժեքները նրա համար ավելի կարևոր են, քան ամբոխի բարյացակամությունը: Ջրհոսը շատ արդարամիտ է, տանել չի կարողանում կեղծիքն ու վեճերը, միշտ աշխատում է դիվանագետ լինել, բայց ոչ երեսպաշտ: Բացի այդ, Ջրհոսը ողջախոհ է և խրախուսում է լավ մտահղացումները:
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՈՒՐԱՆ
Այս մոլորակն անցնում է Կենդանակերպը 83 տարում և Պլուտոնի ու Նեպտունի հետ ազդում է ամբողջ ժողովուրդների ու սերունդների ճակատագրի վրա: Նրա ազդեցությամբ են տեղի ունենում բոլոր դժբախտ պատահարները, աղետները, պատերազմները և այլն: Ուրանը կործանման ու վերաստեղծման մոլորակն է: Լավագույն դեպքում խթանում է մարդու ինքնակատարելագործումն ու ինքնավերլուծությունը, վատթարագույն դեպքում՝ ինքնաոչնչացման դրդում: Կառավարում է Ջրհոսին: Այս փոքրիկ, հեռավոր մոլորակն ամեն ինչ գլխիվայր է շրջում: Իր ենթականերին հեղափոխական, նորարար ու գյուտարար է դարձնում: Այս մարդիկ քանդում են բոլոր ավանդույթները, նորի մոլեգին ձգտում ունեն: Եթե ճամփորդում են՝ նոր երկրներ են հայտնաբերում, եթե կրոնով են տարվում, նոր աղանդներ են ստեղծում... Որտեղ հայտնվում են, քաոս են ստեղծում, բայց հենց նրանց շնորհիվ է մարդկությունը ոտք դնում զարգացման նոր աստիճանի:
ԲՈՒՅՍԸ՝ ՀԱԶՐԵՎԱՐԴԸ ՋՐՀՈՍ Է
Հազրեվարդը (ռոզմարին) «թեթևսոլիկ» բույս է՝ փշատերևի թույլ հոտով: Նրա բույրը հանգստացնում է բռնկվողներին, վանում է վախը, տագնապը, օգնում անքնության դեպքում: Օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողների համար: Ջրհոս-հազրեվարդը լավ է «վերաբերվում» Կենդանակերպի բոլոր նշանների մարդկանց, բայց ավելի լավ է զգում Խոյի, Առյուծի, Աղեղնավորի, Կարիճի հետ:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինտերիերը. Հարմարավետություն առանց ավելորդության: Իսկ Ջրհոսի համար ավելորդ են և զանգվածեղ կահույքը, և՛ պաճուճազարդ մանրուքները, և՛ բյուրեղապակին, և՛ թավշյա ծոպավարագույրները: Բոլոր առարկաները պետք է հնարավորինս աննկատ լինեն, որ նրա հոգեվիճակի վրա չազդեն և ուշադրությունը չշեղեն ձեզնից կամ իր ներաշխարհից: Հյուրասիրությունը. Նրա նախասիրած ուտելիքների մասին դժվար է խոսել: Նա կարող է «պաշտել» հում մսալցոնը, սառը կաթը, բանանի կաթնաշոռով նախաճաշը և այլն: Մեկ էլ տեսար՝ հաճույքով կհամտեսի արջամիս կամ նման մի բան: Շատ Ջրհոսներ միայն էկոլոգիապես մաքուր մթերքով են սնվում:
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ
Գլուխը և կոճերը:
ՏՂԱՄԱՐԴ-ՋՐՀՈՍ
Կիրքը կարող է խանգարել Ջրհոսին: Նա բավական բարդ և միաժամանակ թեթև բնավորություն ունի: Բուռն կրքերով և զգացմունքային կանայք ձգտում են մտերմանալ հենց տղամարդ-Ջրհոսի հետ, թեև դա անիմաստ ջանք է, քանի որ վերջինս չի բավարարում իրեն նվիրված կնոջ պահանջմունքներն ու ցանկությունները: Բայց ոչ այն պատճառով, որ անկարող է, այլ որովհետև անտարբեր է սեքսի հանդեպ: Եթե նա գայթակղվի որևէ կնոջով, միևնույն է, ոչ մեկին մինչև վերջ չի պատկանի:
ԿԻՆ-ՋՐՀՈՍ
Կին-Ջրհոսը գրեթե չի տարբերվում տղամարդ-Ջրհոսից: Իր կանացիությամբ հանդերձ նա չափազանց անկախ է ընտանիքի մայր լինելու, չափազանց անտարբեր՝ սիրուհի լինելու և չափազանց թեթևամիտ ու ծույլ՝ կին լինելու համար: Ընդ որում, նա առանձնապես աչքի չի ընկնում սեռական բուռն երևակայությամբ: Նա նախըտրում է կարգուկանոնն ու գեղեցկությունը, հետևաբար հիանալի է կազմակերպում սիրային ժամադրությունը և ստեղծում հիրավի ինտիմ մթնոլորտ: Բայց սա միակ գործուն տպավորությունն է, որ Ջրհոսը թողնում է սիրեցյալի վրա: