ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Կարիճը, ի տարբերություն շատերի, անտարբեր է իր մասին կարծիքների հանդեպ: Նա ինքն է իր գլխի տերը, ուժեղ անհատականություն է և ընդունակ է ապրել միայնակ: Ասում են, երբ ընտանիքում ծնվում է Կարիճ-երեխա, հաճախ, դրանից մեկ տարի առաջ կամ հետո, այդ ընտանիքում ինչ-որ մեկը մահանում է, և փոքրիկ Կարիճը ստանում է վերջինիս էներգիան: Եվ հակառակը, երբ մահանում է Կարիճը, մեծ է հավանականությունը, որ մոտակա տարում երեխա կծնվի. մահացած Կարիճի ազատված էներգիան հերիք է ևս մեկ մարդու համար: Կարիճը միշտ գիտի ինչ է պետք իրեն: Ընդ որում, դեռ մանկուց գիտի, որ իր ճանապարհը հարթ չի լինելու: Երբեմն թվում է, թե ամեն ինչ նրան ինքնաբերաբար է տրվում:
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՊԼՈՒՏՈՆ
Այս մոլորակի տիրապետության տակ են բնազդները, մասնավորապես սեռական բնազդները, որոնք դրսևորվում են ստեղծագործական աշխատանքում սուբլիմացվելիս: Պլուտոնը օժտում է զգայունությամբ և իդեալին հասնելու նպատակասլացությամբ, ընդ որում ոչ միայն առանձին մարդուն, այլև ամբողջ սերնդի: Պլուտոնն անցնում է Կենդանակերպի նշանների համակարգով 250 տարվա ընթացքում և կառավարում է Կարիճին: Այս մոլորակը դժոխքի տիրակալն է և իր հպատակներին օժտում է մռայլ վճռականությամբ. նրանք կարողանում են ճնշել այլոց, խաղալ մարդու մութ բնազադներով և ավերման կրքով. մի բան, որ միշտ շրջվում է հենց իր՝ մարդու դեմ:
ԲՈՒՅՍԸ՝ ԿԱԿՏՈՒՍ
Կակտուսն ունակ է տունը պաշտպանել չար աչքից, թուղթուգրից և ընդհանրապես բազմաթիվ դժբախտություններից, բայց եթե ինչ-ինչ պատճառներով նա ձեզ չի սիրում (իսկ դա հաճախ է պատահում), ապա ստիպված եք ազատվել նրանից կամ փախչել սեփական տնից: Կակտուսը նման է վիրաբույժի. նա եռանդագին մտնում է ձեր էներգետիկ դաշտի տիրույթները, որ կլանի բոլոր վնասակար ավելցուկները, ինչը միանշանակ ձեր օգտին է: Բայց, օրինակ, Առյուծն ու Աղեղնավորը բոլորովին չեն ողջունում նման ներխուժումները, ուստի չարժե, որ նրանք Կակտուս պահեն: Կակտուսի հետ ամենից լավ հարմարվում են Խոյը, Ձկները և Կույսը: Ընդ որում, համակրանքը երկկողմանի է:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բնավորությամբ ծածկամիտ ու գաղտնապահ Կարիճը նախընտրում է կիսախավար, փակ դռներ և վարագուրված պատուհաններ: Նրան շատ դուր է գալիս թանկարժեք կտորեղենը (դիպակ, թավիշ և այլն), կաշվից ու փայտից իրերը: Կարիճը նախընտրում է էկզոտիկ կերակուրներ՝ սուր համեմունքներով: Նրան օգտակար են սև սալորը, բողկը, սոխը, կաղամբը, կոկոսը և այլն: Նա շատ է կարևորում ուտելիքն ու խմիչքը, քանի որ շռայլ է և ուզում է տեսնել, թե ինչպես են չարչարվել սեղան բացելիս... Չարժե նրանից նեղանալ, եթե քննադատի ձեր պատրաստած ուտելիքը. նա բծախնդիր է, բայց ոչ որկրամոլ և չի ուզում ձեզ վիրավորել:
ՏՂԱՄԱՐԴ-ԿԱՐԻՃ
Սեռական կարողության առումով ամենաուժեղ նշանն է: Նա ոչ մեկին գերելու խնդիր չի դնում, բայց նրանով գերվում են շատերը: Կարիճը սիրում է ողջ էությամբ և չի վախենում սեփական բուռն զգացմունքներից: Նա ընդհանրապես ոչնչից և ոչ մեկից չի վախենում: Կարիճը շատ կասկածամիտ է և խանդոտ, թեև հաճախ ցույց չի տալիս այդ: Բայց կարող է ուրիշների ներկայությամբ կոպտել սիրեցյալին: Նրա խանդի զգացումը ինքնավստահության պակասից չի բխում, պարզապես նա մշտարթուն մարտիկ է: Եվ հենց այդ է նրա հաջողության գլխավոր գրավականը՝ լինել աչալուրջ և «էշի ականջում չքնել»: Նրանից դժվար է հեռանալ, եթե ինքն այդ չցանկանա:
ԿԻՆ-ԿԱՐԻՃ
Կին-Կարիճները հեգնոտ են, զգացմունքային և կրքոտ, խստապահանջ և դաժան, թեև ներքուստ հիմնականում բարի են: Կին-Կարիճը տղամարդուց ոչ պակաս կարող է հաղթահարել (ավելի շուտ ավերել) իր ճանապարհին հայտնված խոչընդոտները և երբեք չընկճվել: Կին-Կարիճը «ճակատագրական կին» հասկացության վառ արտահայտումն է: Նրան հաճախ են վերագրում «կախարդ» պիտակը: Նա ունի վեցից ավելի զգայարան, և բոլորն էլ հիանալի են գործում: Հենց Կին-Կարիճի մեղքով են կործանվում ընտանիքներ և ձախողվում մարդկանց գործերը: Ընդ որում նրա ճահճուտն ընկնելու ցանկություն արտահայտողների հոսքը չի դադարում: Սակայն կին-Կարիճն ընդունակ է ունենալու իր միակ ու անկրկնելի էակին, լինել հավատարիմ ու նվիրված կին: