Հիգիենա

06.04.2020
Ինչպես ճիշտ խնամել մեծերի և երեխաների ատամները դիտվել է 1700

Ինչպես ճիշտ խնամել մեծերի և երեխաների ատամները

Չպետք է վախենալ լնդերի արյունահոսությունից, որը երբեմն նկատվում է առաջին շրջանում նույնիսկ խոզանակը ճիշտ գործածելիս: Շուտով խոզանակով շփումները ամրապնդում են լնդերը և արյունահոսությունը դադարում է:

Լավ զարգացած և մեխանիկական ներգործություններին լավ դիմացող ատամների համար կարելի է գործածել կոշտ խոզանակներ: Իսկ թույլ, շուտ մաշվող ատամների համար պետք է գործածել փափուկ խոզանակներ:

Ատամի խոզանակը, ատամները մաքրելուց առաջ և հետո, պետք է լվանալ տաք ջրով և պահել մաքուր, չոր բաժակի մեջ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է անպայման ունենա իր անհատական խոզանակը և ատամի փոշին: Նոր գնված ատամի խոզանակը գործածելուց առաջ անհրաժեշտ է խնամքով լվանալ տաք ջրով և օճառով, իսկ ապա' սպիրտով: Խորհուրդ չի տրվում ատամի խոզանակը ջրում եռացնել:

Միշտ չէ, սակայն, որ ատամի խոզանակի օգնությամբ հնարավոր է լինում հեռացնել կերակրի այն բոլոր մնացորդները, որոնք լցվել են ատամների արանքը: Նման դեպքերում օգտագործում են ատամմաքրիչ: Լավ ատամմա քրիչ կարելի է պատրաստել սագի փետուրից: Կարելի է գործածել նաև փայտից պատրաստած ատամմաքրիչ, սակայն մի պայմանով, որ յուրաքանչյուր գործածումից հետո դեն նետվի: Ատամմաքրիչից պետք է օգտվել զգուշությամբ, աշխատելով չվնասել միջատամնային բլթերը: Ոչ մի դեպքում չի կարելի ատամը մաքրելիս գործածել գնդասեղներ, ասեղներ և այլն:

Ատամի չհանվող պրոտեզների խնամքը ոչնչով չի տարբերվում բնական ատամների խնամքից:

Ատամի շարժական պրոտեզները հատուկ խնամք են պահանջում: Յուրաքանչյուր ուտելուց հետո պետք է պրոտեզը բերանից հանել և ջրով լվանալ, որպեսզի կերակրի մնացորդներ չմնան: Գիշերը, քնելուց առաջ, պրոտեզը պետք է բերանից հանել, խոզանակով լավ մաքրել և ջրով լվանալ ու դնել մաքուր ամանի մեջ:

Պետք է հիշել, որ ատամները հաճախ սկսում են փչանալ աննկատելի կերպով, չպատճառելով ոչ մի ցավ: Ուստի, ոչ պակաս տարին մեկ անգամ անհրաժեշտ է ատամները ցույց տալ մասնագետ-բժշկի:

Բերանի խոռոչի և ատամների խնամքի կարիք են զգում նաև երեխաները: Կաթնատամները պետք է այնպես խնամել, ինչպես մշտական ատամները, որովհետև միայն լավ կաթնատամներն են փոխարինվում լավ մշտական ատամներով: Երկու տարեկան երեխային պետք է արդեն սովորեցնել, որ նա բերանը ողողի: Իսկ երբ մի փոքր էլ մեծանա, նա արդեն պետք է կարողանա ատամի խոզանակ գործածել: Երեխայի խոզանակը պետք է լինի փոքր չափի և փափուկ: Սկզբում երեխան պետք է խոզանակը օգտագործի առանց ատամի մածուկի ։

Որոշ մարդիկ կարծում են, որ քաղցրեղենից երեխաների ատամները արագ են փչանում: Սակայն այստեղ մեղքը քաղցրեղենինը չէ, այլ դրանք երկար ժամանակ բերանում պահելը, որի հետևանքով բերանում առաջանում են թթուներ, որոնք բացասաբար են ազդում ատամների վրա: Օրինակ, հաճախ երեխային քնելուց առաջ, արդեն ատամները մաքրելուց հետո, կոնֆետ են տալիս, մի բան, որը անվիճելիորեն չի կարելի օգտակար համարել: Ուստի անհրաժեշտ է, որ երեխան քաղցր ուտելուց հետո անպայման բերանը ողողի:

Երբ երեխայի երկու տարին լրանում է, անհրաժեշտ է, որ նրա ատամները և բերանի խոռոչը նայի բժիշկ-մասնագետը: Հետագայում նման ստուգումները պետք է կրկնել տարին մեկ-երկու անգամ:

Անհրաժեշտ է հիշել, որ լավ ատամները ամրապնդում են ողջ օրգանիզմի առողջությունը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m