Հիգիենա

03.06.2020
Պահպանեցեք ատամները դիտվել է 1239

Պահպանեցեք ատամները

Որքան գեղեցկանում է դեմքը, երբ ժպտալիս երևում են առողջ, ամուր, գեղեցիկ, սպիտակ ատամները: Իզուր չէ, որ բանաստեղծները հաճախ ատամները համեմատում են սադափի, մարգարիտի, շաքարի, ծաղկաթերթիկների հետ և այլն:

Բայց ատամները միայն զարդ չեն: Մարդը ատամների օգնությամբ ծամում է կերակուրը, որը ապահովում է օրգանիզմի կանոնավոր զարգացումը, աշխատունակությունը և առողջությունը:

Սակայն շատերը անհրաժեշտ չափով չեն խնամում ատամները, քիչ են մտահոգվում նրանց պահպանության նկատմամբ: Շատերը նրանց մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ նրանք սկսում են ցավել և անհանգստացնել: Շատ հաճախ այնպես անտանելի է լինում ցավը, որ մի քանի օր շարունակ մարդ միանգամայն հիվանդ է զգում իրեն, չի ուտում, չի քնում և ի վիճակի չի լինում աշխատելու:

Նման պահերին շատերը գտնում են, որ առանց ատամների ավելի հանգիստ կարելի է ապրել և, դիմելով բժշկին, առանց տատանվելու պնդում են, որ հիվանդ ատամը հեռացնի: Լինում են նաև դեպքեր, երբ ատամները սկսում են դանդաղորեն քայքայվել, բայց մարդը, իմանալով հանդերձ, որ անհրաժեշտ է դրանք բուժել, ժամանակին չի դիմում բժշկի օգնությանը:

Ատամների նկատմամբ անբավարար խնամքի հետևանքով մարդ սկսում է նրանցից զրկվել: Սկզբում մի քանի կողային ատամների (որոնք չեն երևում) կորուստը աննկատ է անցնում: Բայց մարդ կորցնելով իր ատամների կեսը կամ ավելին' սկսում են ի հայտ գալ ծամողական, խոսելու խախտումներ, իսկ հետագայում նաև մարսողական ֆունկցիայի խախտում։ Խախտվում է նաև դեմքի արտաքին տեսքը: Եվ ահա այդ ժամանակ է միայն, որ հիվանդը սկսում է գնահատել այն, ինչը արդեն անվերադարձ կերպով կորած է, և նա աշխատում է այդ կորուստը փոխհատուցել արհեստական ատամներով: Սակայն արհեստական ատամները, ինչպես հայտնի է, մասամբ են միայն փոխարինում բնական ատամներին:

Ընդ որում, ավելի ուշադիր խնամքի դեպքում, ժամանակին բժիշկ-մասնագետներին դիմելու և անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու դեպքում հնարավոր կլիներ պահպանել, եթե ոչ բոլորը, գոնե ատամների մեծ մասը:

Ուտելու պրոցեսը պետք է կատարվի առանց ավելորդ շտապողականության: Կերակուրը հարկավոր է լավ ծամել։

Միայն առողջ ատամներով է հնարավոր լավ ծամել։ Եթե ատամները քայքայված են կամ բոլորովին բացակայում են, կերակուրը վատ է ծամվում: Կերակուրը վատ ծամելիս գործածվող կերակրանյութերի մոտ մեկ երրորդը չի յուրացվում օրգանիզմի կողմից: Լավ ծամելը լավացնում է արյան շրջանառությունը և ատամների բջիջները ապահովում է բավարա քանակությամբ սննդանյութերով: Պետք է ծամել երկու կողմերով:

Առջևի ատամները կորցնելու դեպքում շրթունքները ներս են ընկնում, իսկ սեղանատամների դեպքում ներս են ընկնում այտերը: Այդ դեպքում դեմքը կարճանում է և ստանում ծերունական արտահայտություն, արտասանված բառերը չեն հասկացվում և այլն:

Շատ հաճախ ատամները պատվում են կարծը նստվածքով, որը ատամի քար է կոչվում: Ատամները չմաքրելու ակտիվ կերպով դեպքում ատամի քարի նստվածքը գնալով կարող է շատանալ և ծածկել ամբողջ ատամը: Ատամի քարը պատճառ է դառնում լնդի բորբոքման, արմատի մերկացման և ատամի շարժման:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m