Խոհանոց

28.05.2020
Ինչպես չորացնել խաղողը դիտվել է 772

Ինչպես չորացնել խաղողը

Ինչպես չորացնել խաղողը: Չորացման համար լավ է վերցնել անկորիզ սորտեր, իսկ այդպիսիները չլինելու դեպքում կարելի է վերցնել խոշորապտուղ, մսալի ու քիչ կորիզ ունեցողները:

Խաղողը պարզ եղանակով չորացնելու տեխնիկան այն է, որ հավաքած խաղողը նախ' տեսակավորում են, թեթև խաշում և ապա' ողկույզներով, մեկ շերտով փռում են մատուցարանների վրա ու դնում արևի տակ: Այս ձևով չորացումը, բարենպաստ եղանակներ լինելու դեպքում, տևում է 12-14 օր:

Խաղողը խաշում են հետևյալ կերպ. մեկ դույլ ջրին ավելացնում են 30-40 գր կաուստիկ սոդա կամ պո տաշ և լուծույթը եռացնում են մինչև պոտաշի կամ սոդայի լրիվ լուծվելը: Եռացող ջրին ավելացնում են 200 գր չհանգած կիր և շարունակում եռացնելը մինչև լուծույթի պարզվելը: Այնուհետև լուծույթը սառեցնում են, որի ժամանակ չլուծված մասերը նստում են ամանի հատակին: Մաքուր լուծույթը վերևից զգուշությամբ վերցնում են այնպես, որ նստվածքը չխառնվի:

Պարզեցրած այս լուծույթը եռացնում եւ և նրա մեջ սուզում ցանցի, փոքրիկ կողովի կամ զամբյուղի մեջ լցված, ջոկված չամչացու խաղողը, թեթև խաշում են, որից հետո սուզում են մաքուր սառը ջրի մեջ, ցամաքեցնում և ապա փռում արևի տակ չորանալու: Լավորակ և բաց գույնի չամիչ ստանալու համար լավ է խաղողը փռել մատուցարանների վրա համաչափ շերտով, 1,5 ժամ ծծմբով ծուխ տալ, որից հետո դնել արևի տակ չորանալու։

Խաշելու տևողությունը պետք է լինի 3- 6 վայրկյան' նայած սորտի և նրա պտղի մաշկի հաստությանը: Սառը ջրով լվանալիս խաղողը մաքրվում է սոդայից կամ պոտաշից: Ճիշտ կերպով խաշած և չորացրած սպիտակ խաղողներից ստացվում է սաթի գույնի չամիչ:

Խաշած խաղողը չորանում է արագ' 5-6 օրում: Երբ ողկույզները մեկ երեսով բավականին չորացել են, դրանց պետք է շուռ տալ, որպեսզի համաչափ կերպով չորանան:

Խաղողի չորացումն ավարտված պետք է համարել այն ժամանակ, երբ չորացվող պտուղը երկու մասով սեղմելիս նրանից հյութ չի դուրս գալիս. դրանից հետո մատուցարանները պետք է հավաքել և հետագա չորացումը կատարել ստվերի տակ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m