Մաքրություն

13.04.2020
Գորգի խնամքը դիտվել է 5333

Գորգի խնամքը

Գորգերը լավ չպահելու դեպքում դրանք արագորեն կորցնում են իրենց սկզբնական գույնը, մաշվում են և խամրում:

Գորգերը լավ վիճակում երկար ժամանակ պահելու համար անհրաժեշտ է պահպանել խնամքի հետևյալ կանոնները: Տնային պայմաններում գորգերը չեն լվանում, այլ հաճախակի մաքրում են: Մաքրելուց առաջ պետք է անպայմանորեն փոշին հեռացնել, որը կատարվում է գորգը հակառակ երեսից փափուկ ճյուղերից հյուսված թակիչով ծեծելու միջոցով: Դրա համար գորգը պարանից կախում են բաց օդում :

Ձմռանը փոշին կարելի է մաքրել չոր ձյունով շփելու միջոցով, որը կատարվում է կոշտ խոզանակի կամ ավելի օգնությամբ:

Գորգի վրայից փոշին և կեղտաբծերը հեռացնելուց հետո սկսում են հիմնական մաքրումը:

Շատ չկեղտոտված գորգերը կարելի է մաքրել մանրահատիկ չոր կերակրի աղով: Գորգը փռում են հատակի վրա, վրան աղ են շաղ տալիս և խոնավ ավելով կամ խոզանակով այն հավասարապես սրբում են:

Խորհուրդ է տրվում ավելը կամ խոզանակը գործածելուց առաջ թրջել տաք օճառաջրի մեջ և ավելորդ ջուրը հեռացնելու համար թափ տալ: Մաքրելու ժամանակ, երբ ավելը կեղտոտվում է, այն լվանում են օճառաջրով, իսկ աղը փոխարինում են մաքուր աղով: Գորգը մաքրելուց հետո աղի մնացորդները հեռացնում են թակիչի օգնությամբ։

Կերակրի աղի փոխարեն կարելի է օգտագործել մաքուր չոր փայտի թեփ, հացահատիկի խոշոր թեփ կամ պեմզայի փոշի: Օճառի փոխարեն կարելի է գործածել լվացքի փոշի:

Կեղտոտ գորգերը մաքրում են հետևյալ ձևով: 1 լիտր ջրում լուծում են 3 գր․ լվացքի փոշի: Այս լուծույթը լցնում են գորգի երեսի վրա և խոզանակով հավասարապես տարածում, որից հետո գորգը խնամքով սրբում են սկզբում թաց, ապա չոր շորով և կախած վիճակում չորացնում: Նշված լուծույթին լավ է ավելացնել 1 գր սկիպիտար :

Գորգի խավաթափ կամ վնասված տեղերը կարելի է վերականգնել հետևյալ ձևով: Անհրաժեշտ գույնի բրդե գործվածքից կամ բրդե թելից մկրատով մանր մազախավ են խուզում, այնուհետև գորգի խավաթափ տեղին, ըստ նախշերի գծագրության, բարակ շերտով սոսինձ են քսում (վաճառում են խանութներում): Սոսնձած տեղի վրա ցանում են մազախավը և վրան թուղթ դնելով տաք արդուկով արդուկում: 2-3 ժամ հետո չսոսնձված մազախավի մնացորդները փափուկ խոզանակով հեռացնում են:

Գորգի վնասված տեղերը կարելի է նորոգել նաև բրդե գունավոր չոլորած թելով լցնելու միջոցով: Դա պետք է կատարել այնպես, որպեսզի գորգի մակերեսին թելի օղակներ գոյանան, որոնք վերջում մկրատով կարճ կտրում են և խավի տեսք տալիս:

Գորգի խանձված տեղերը կարելի է նորոգել գունավոր փափուկ մատիտներով: Դրա համար ընտրում են այնպիսի մատիտներ, որոնց գույնը համապատասխանի գորգի նախշերին: Գորգի ուղիղ գծերից նախշը պահպանելու համար կարելի է օգտվել քանոնով, այդ ձևով նախշերը ավելի լավ կստացվեն: Գորգի գույնը վերականգնելու համար կարելի է օգտվել նաև գունավոր մոմամատիտներով:

Եթե գորգի խավը ճմլվել է, որը փչացնում է գորգի արտաքին տեսքը, պետք է այդ տեղը մի քանի րոպե պահել գոլորշու վրա և, այնուհետև, գորգի հակառակ երեսից թակիչով հարվածելով խավը բարձրացնել: Դրանից հետք գորգը գցում են պարանի վրա և մշակված տեղը հակառակ երեսից արդուկում են մինչև լրիվ չորանալը:

Գորգերը պետք է պահել չոր տեղում, ոլորած վիճակում: Պահելուց առաջ գորգի վրա ԴԴՏ-ի փոշի են ցանում: Երկար ժամանակով պահելու դեպքում պետք է գորգերը պարբերաբար բաց անել և չորացնել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m