Մաքրություն

18.06.2020
Ինչ խնամք է պահանջում ամանեղենը դիտվել է 3952

Ինչ խնամք է պահանջում ամանեղենը

Ալյումինե ամանեղենը փչանում է ալկալիից և թթուներից, ուստի դրանցով չպետք է ամանեղենը մաքրել: Խորհուրդ չի տրվում նաև ալյումինե ամանը օգտագործել օճառի և ալկալիի լուծույթներ (սոդա և այլն) պատրաստելու համար: Ալյումինե ամանեղենը սովորաբար լվանում են տաք ջրով, որին երբեմն ավելացնում են քիչ քանակությամբ. օճառ. կարելի է նաև ավելացնել քիչ քանակությամբ անուշադրի սպիրտ, որը լավ է մաքրում ճարպային նյութերը:

Ամանի պատերին առաջացած սևությունը կարելի է մաքրել քացախի թույլ լուծույթով թրջած լաթով կամ բամբակով, սրբում են ամանի պատերը և, այնուհետև, գոլ ջրով լվանում: Նիկելապատ կեղտոտ ամանները (ինչպես նաև արծաթե իրերը) պետք է մաքրել անուշադրով թրջած բրդե լաթով:

Ապակյա բաժակները, սկահակները, բանկաները լավ լվացվում, մաքրվում են և ստանում բյուրեղապակու փայլ, եթե լվանալու ժամանակ ջրին ավելացնենք 1-2 գդալ քացախ և 1 գդալ աղ:

Ապակյա շշերը ավելի լավ կմաքրվեն, եթե ջրի մեջ գցենք մանր կտրտված կարտոֆիլի կտորներ: Շիշը պետք է երկար ժամանակ ուժեղ թափահարել, որից հետո ողողել մաքուր ջրով:

Հախճապակյա ամանները չպետք է շատ տաք ջրով լվանալ: Լավ կլինի լվանալ գոլ ջրով, օճառով և ողողել սառը ջրով: Տաք ջուրը քայքայում է ջնարակը:

Դանակները չի կարելի տաք վառարանի վրա թողնել, որովհետև պողպատը տաքանում է և կորցնում իր ամրությունն ու առաձգականությունը:

Դանակների ու պատառաքաղների վրայի բծերը լավ մաքրելու համար խցանը պետք է թաթախել ավազի և օճառի փոշու մեջ, և դանակներն ու պատառաքաղները ուժեղ շփել մինչև կփայլեն

Մետաղյա առարկաները կփայլեն, եթե դրանք ուժեղ շըփեք ճմրթված թերթով:

Արծնապատված (էմալե) ամանների նկատմամբ խնամքը մշտական պետք է լինի, որովհետև արծնը (էմալը) հարվածից պոկվում է, թափվում, ճաքճքում ջերմաստիճանի խիստ փոփոխությունից: եթե արծնը թափվել է, ամանը չպետք է գործածել, որովհետև պոկված կտորները կարող են ընկնել կերակրի մեջ:

Այրված ամանները հեշտությամբ կարելի է լվանալ և մաքրել: Դրա համար հարկավոր է ամանը լցնել ջրով, ջրի մեջ լուծել մի գդալ խմելու սոդա և թողնել որոշ ժամանակ, որպեսզի այրվածքը քայքայվի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m