ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Չկա ավելի բարդ մի սիրտ, ինչպիսին Ձկներինն է: Նա ապրում է ամենուր և ոչ մի տեղ: Նա ապրում է իր ներքին օրենքներով, իր ներքին աշխարհում՝ որ լի է խորհրդավորությամբ, միստիկայով ու կախարդանքով: Նա տեսնում է բոլորին ու բոլորի խորքը, բայց ոչ՝ ինքն իրեն: Նա կարող է օժտված լինել հզոր վերլուծական խելքով, բայց դա երբեք չի ազդում նրա արարքների և, ամենակարևորը՝ զգացմունքների վրա: Ձկների բնորոշ հատկանիշը բնավորության երկվությունն է. մի կողմից նա զգայուն է ու երազկոտ, մյուս կողմից՝ աշխատասեր, կարգապահ, նույնիսկ փոքր-ինչ մանրախնդիր: Նա պահպանողական է, չի սիրում նորություն և տանել չի կարող փոփոխությունները: Սիրում է միայնակություն, բայց և ուրիշի գաղտնիքների հուսալի պահապան է: Շատերն են նրան գաղտնիք վստահում: Իսկ իր գաղտնիքները չգիտի ոչ ոք:
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՆԵՊՏՈՒՆ
Ամենախորհրդավոր ու մոգական մոլորակն է: Արվեստի սեր ու օկուլտ գիտությունների ունակություն է պարգևում: Անբարենպաստ դիրքի դեպքում մարդու մեջ զարգացնում է ստախոսությունը, անզգայականությունը, խաբեության ու գողության հակումը: Բարենպաստ դիրքի դեպքում՝ պայծառատեսությունը, նրբինությունը, հանճարեղությունը: Նեպտունն անցնում է Կենդանակերպը 163 տարում և 253 օրում: Ղեկավարում է Ձկներին: Այս մոլորակի ազդեցության տակ են բոլոր մոգական, միստիկական, կախարդական երևույթները: Նեպտունի ազդեցության տակ ծնված մարդիկ շրջապատին լավագույն դեպքում «այնքան էլ նորմալ» չեն թվում: Իսկ վատթարագույն դեպքում սրանք խենթեր են, դժոխքի ծնունդներ, հալածականներ ու չհասկացվածներ:
ԲՈՒՅՍԸ՝ ՀԱԿԻՆԹ
Կամավոր, նրբին, անկանխատեսելի, նրբաբույր բույս է: Այն սակավաթիվ ծաղիկներից է, որ մարդու էներգետիկայի վրա չի ազդում: Այդ պատճառով էլ նրա հետ հեշտ է: Հակինթի սեփական էներգիան նոսր է, անձև, թարմացնող, օզոնի նման: Նրա հետ քեզ զգում ես այնպես, ինչպես անձրևից հետո: Ընդ որում, Կենդանակերպի բոլոր նշանների վրա է նա այդ ազդեցությունը թողնում: Ձկներ մարդը ևս ոչ մեկի նյարդերի վրա չի ազդում: Որոշ աղբյուրներում հակինթը Կույս է համարվում, քանի որ ավանդաբար այն մտքերի ու նպատակների մաքրություն է խորհրդանշում: Եվ, ի դեպ, Կույսն ու Ձկները մոտիկ են իրար, այնպես, ինչպես Կենդանակերպի ցանկացած երկու հակադիր նշան: Կույսի՝ շրջապատի համար ծանր համարվող հատկությունները (քննադատական վերաբերմունք, մանրախնդրություն) Կույս-ծաղիկը, բնականաբար, չի դրսևորում:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետք է շատ բույսեր լինեն, պատերին՝ բազմաթիվ նկարներ. և՛ դասական, և՝ աբստրակտ, էլ ավելի լավ է՝ իմպրեսիոնիստական: Բոլորովին պարտադիր չեն մաքրությունն ու կարգուկանոնը: Տղամարդ-Ձկների կացարանը զուրկ է այդ արժանիքներից: Անպետք իրեր՝ որքան ասես. դրանք ռոմանտիկ երազանքներ են ծնում, հուշեր արթնացնում: Հյուրասիրությունը. նախ և առաջ ծովամթերք, ցանկալի է՝ էկզոտիկ: Տարբեր նրբահամ սոուսներ: Թեթև գինի, բայց մեծ քանակությամբ: Օգտակար է երկաթի մեծ պարունակությամբ մթերքը. ավելուկ, չամիչ, ծաղկակաղամբ, կաթնուկ, ծովաբողկ և այլն:
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ
Ներբանն է:
ՏՂԱՄԱՐԴ-ՁԿՆԵՐ
Նա ընկղմված է սիրո մեջ, ինչպես նավն է սուզվում ծովային խորխորատը: Կարելի է ասել՝ ամենուժգին սիրո ընդունակ է միայն նա: Ամենից նվիրված, հավատարիմ ու քնքուշ սիրեկանն է, հաճախ՝ խիստ զգացմունքային ու կրքոտ: Բայց նրա հետ ապրելը դժվար է: Երբեմն թվում է, թե նա մեր երկիր է ընկել այլ մոլորակից կամ այլ ժամանակից է հայտնվել՝ հեռավոր անցյալից, իսկ գուցե՝ ապագայի՞ց... Տանել չի կարող ամենաչնչին բռնությունն անգամ. իր վրա գործադրված լինի, թե ուրիշների: Ուստի ինքը ոչ մեկին չի հրապուրում և չի պատասխանում նրա հրապուրանքներին, մինչև չհամոզվի, որ իրոք հավանում է: Երբեք չի մոռանում, որ «կինը ականջներով է սիրում», և անգամ նրա խոսքերն էլ հերիք են, որ կինը հեշտանքի հասնի: Իհարկե, դա նրա միակ սեքսուալ շնորհքը չէ: Ինտուիցիայի շնորհիվ Ձկները հիանալի զգում է զուգընկերուհու ցանկությունները, ինչը նրան թույլ է տալիս հրաշալի սիրեկան լինել:
ԿԻՆ-ՁԿՆԵՐ
Չափազանց ռոմանտիկ է, հաճախ ապրում է մտացածին (նույնիսկ՝ «երազածին») աշխարհում՝ սպասելով հիասքանչ արքայազնին: Նա պատրաստ է խոնարհվել և նույնիսկ երկրպագել, բայց միայն՝ իդեալին և ոչ՝ իրական մարդուն: Երբ բանը անկողնուն է հասնում, հարուստ երևակայությունը նրան չի օգնում: Նա սպասում էր վերերկրային հաճույքի, ուստի հիասթափվում է: Նրա զուգընկերոջը նույնպես հաճախ հիասթափություն է սպասում, և ոչ անհիմն. մերձեցման ժամանակ կին-Ձկներն իրեն խիստ պասիվ է պահում, այնքան էլ բուռն խառնվածք չունի և, բացի այդ, տրամադրված է հաճույք ստանալու, ոչ թե՝ տալու: Ամուսնանալով նա հաճախ է դավաճանում ամուսնուն: Ընդ որում՝ ոչ իրեն, ոչ էլ ամուսնուն հասկանալի չէ, թե ինչու է այդպես վարվում: