ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Աշխատասեր է ու ազնիվ և հարգանքի է արժանանում: Կարողանում է փող աշխատել: Համբերատար է, մարդկանց ընդունում է այնպես, ինչպես կան: Արտաքուստ թվում է, թե նա միայն դատողությամբ է առաջնորդվում, սակայն հոգու խորքում չափազանց զգացմունքային է, ինչը ոչ մեկին ցույց չի տալիս: Անչափ կապված է ընտանիքին, ընկերներին, և մտերիմները գիտեն, թե որքան մեղմ ու անմիջական է նա: Բայց եթե զայրացրիր՝ հիշաչար է ու ցլի պես կատաղի::
ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՎԵՆԵՐԱ
Սիրո հովանավորն է: Բայց ոչ միայն՝ «սեքսուալ» կամ զուգընկերոջ հանդեպ սիրո: Խոսքը ընդհանրապես սիրո մասին է՝ մարդկանց հանդեպ սիրո: Այսինքն, Վեներան է ուղղորդում շփվելու, համագործակցելու, հոգևոր մտերմության, մի խոսքով՝ մարդու հանդեպ սիրո մեր ձգտումը: Հոգևոր ու նյութական մեր արժեքները ևս Վեներայի ոլորտն են: Նա Կենդանակերպն անցնում է 255 օրում: Ղեկավարում է Ցուլին և Կշեռքին: Վեներայի ազդեցությամբ ծնված մարդիկ նախ և առաջ օժտված են սիրելու և սիրվելու ունակությամբ: Հիմնականում գեղեցիկ են, հրապուրիչ, նազելի: Հաճախ ֆինանսական հաջողության են հասնում, համենայն դեպս նրանց մեջ չքավորներ չկան: Երբեմն ծայրահեղության մեջ են ընկնում, համադամասեր են, շռայ, մեկ-մեկ էլ՝ թեթևսոլիկ:
ԲՈՒՅՍԸ՝ ՖԻԿՈՒՍ
Շատերին լավ ծանոթ ֆիկուսը բավական հավասարակշռված ու հանդարտ բույս է: Այն միշտ նույնացվում է ընտանեկան օջախի և հարմարավետության հետ: Թերևս, այդ հանգամանքը չպետք է մեզ մոլորության մեջ գցի, քանի որ ֆիկուսը փոքր սենյակում վատ է անդրադառնում մարդու վրա և միշտ պահանջում է էներգետիկ միջավայրի իր «բաժինը», միաժամանակ, այսպես ասած, «հախրելով» մարդու բաժին էներգիան: Արդյունքում մարդը զգում է էներգետիկ սով, որն արտահայտվում է կենսական ուժերի կտրուկ անկումով: Բայց նույն այդ հանգամանքն էլ բարենպաստ է անդրադառնում ընդարձակ տարածքներում, որտեղ ֆիկուսը կարգավորում է մարդկանց, մասնավորապես՝ Կույսի, Երկվորյակների, Այծեղջյուրի և Խեցգետնի էներգետիկ բալանսը: Խոյն ու Աղեղնավորը պետք է խուսափեն ֆիկուսից ոչ միայն սեփական տանը, այլև ամենուր: Կշեռքի հետ ֆիկուսը խաղաղ գոյակցում է:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինտերիեր. Կանաչ գույնի առատություն, որը կապահովեն սենյակային բույսերը: Դրանց դիտելը մեծ բավականություն է Ցուլի համար: Դրանք նաև հարմարավետություն են ստեղծում, ինչը Ցուլի համար կենսականորեն կարևոր է: Տունը նրա համար խաղաղ հանգրվան է, հարմարավետ բույն, ուր տաք է, լուսավոր, փափուկ ու հարմար: Հատկապես կարևոր է խոհանոցը, քանի որ Ցուլը համադամասեր է
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՏՎԱԾԸ
Պարանոցն ու կոկորդն են:
ՑՈՒԼ-ՏՂԱՄԱՐԴ
Երազում է սիրո մասին, իսկ երբ սիրում է, ժամանակ է պետք, որ բացվի: Կիրքը հասունանում է դանդաղ, աստիճանաբար, բայց հետո նա շատ հախուռն է դառնում: Սիրելին պիտի ամբողջովին իրենը լինի, և ինքն էլ նրան է նվիրվում ինքնամոռաց: Նա այնքան էլ հնարամիտ ու նրբաճաշակ չէ, բայց անսահման կրքոտ է: Սեքսի ժամանակ զուգընկերուհուն ազատ է թողնում: Ատում է կեղծիքը: Սովորաբար մինչև ծերությունը պահպանում է լավ կազմվածքն ու սեռական կարողությունները: