Առողջություն

27.05.2020
Արհեստական շնչառություն տալու ձևերի մասին դիտվել է 1056

Արհեստական շնչառություն տալու ձևերի մասին

Բազմաթիվ դժբախտ պատահարների դեպքում մարդու կյանքը փրկելու համար դիմում են արհեստական շնչառություն տալուն։

Արհեստական շնչառություն տվողը այն պետք է շարունակի երկար ու համառորեն, երբեմն ժամերով, համենայն դեպս մինչև այն ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել ինքնուրույն շնչառությունը կամ չի ժամանել բուժաշխատողը:

Նախապես արձակում են տուժածի այն բոլոր հագուստները, որոնք նեղում են կրծքավանդակը' պիջակը, գոտին, օձիքը, կանանց մոտ կրծքակալը և այլն: Եթե տուժածը արհեստական հանովի ատամներ ունի, ապա դրանք պետք է անպայման հանել:

Արհեստական շնչառության ժամանակ բերանը չփակվելու համար ատամների արանքում դնում են փայտի կտոր, գդալ կամ որևէ այլ պինդ առարկա:

Եթե օգնությունը ցույց է տրվում սենյակում, ապա հարկավոր է ապահովել թարմ օդի հոսանքը' բացել պատուհանը, օդանցքը, դուռը:

Գոյություն ունեն արհեստական շնչառության մի քանի ձևեր: Դրանցից ամենապարզն ու մատչելին այն է, որ սիստեմատիկաբար ձգում են տուժածի լեզուն: Դրա համար նրան պառկեցնում են մեջքի վրա, լեզուն բռնում են բթամատով ու ցուցամատով, իսկ լեզուն չսահելու համար մատներին մաքուր շոր, թաշկինակ կամ վիրակապ են փաթաթում: Լեզուն ձգում են ռիթմիկորեն, րոպեում մոտավորապես 16-20 անգամ: Ամեն անգամ, երբ լեզուն ձգում են, այն ձգված վիճակում պահում են 2-3 վայրկյան:

Եթե ինքնուրույն շնչառությունը անմիջապես չի սկսվում, ապա հարկավոր է կիրառել արհեստական շնչառության այլ ձև:

Տուժածի թիակների տակ դնում են հագուստներից պատրաստած գլան, որպեսզի կրծքավանդակը դուրս ցցվի: Օգնություն ցույց տվողներից մեկը դուրս է քաշում տուժածի լեզուն և պահում է այն, որպեսզի նա ետ չգնա ու չխանգարի թոքերի մեջ օդ մտնելուն: Երկրորդը ծնկների վրա կանգնում է հիվանդի գլխավերևում և նրա ձեռքերը բռնելով թաթերի վերևի մասերից' սկսում է դրանք սահունորեն բարձրացնել և տանել գլխից վեր:

Այս դեպքում տեղի է ունենում ներշնչում: 2-3 վայրկյանից հետո օգնություն ցույց տվողը տուժածի ձեռքերը ցած է իջեցնում և դրանք սեղմում կրծքավանդակի կողային պատերին: Տեղի է ունենում արտաշնչում ։ Այդ շարժումները պետք է կրկնել րոպեում 16- 20 անգամ:

Եթե օգնական չկա, ապա արհեստական շնչառություն կարող է տալ նաև մեկ մարդ: Բայց այս դեպքում հարկավոր է լեզուն դուրս քաշել և կապել կզակին:

Պատահում է, որ արհեստական շնչառության վերևում նկարագրված ձևերը կիրառել հնարավոր չէ (օրինակ, ձեռքի ոսկորների կոտրվածքի դեպքում): Այդ դեպքում արդեն արհեստական շնչառությունը կատարում են այլ կերպ, տուժածին պառկեցնում են մեջքի վրա, նրա տակը դնելով հագուստներից պատրաստված գլան:

Օգնություն ցույց տվողը ծնկների վրա նստում է այնպես, որ հիվանդի ազդրերը գտնվեն նրա ծնկների միջև: Օգնություն ցույց տվողը իր երկու ափերով այնպես է սեղմում տուժածի կրծքավանդակի ստորին ծայրերը, որ թոքերի մեջ եղած օդը դուրս մղվի, տեղի է ունենում արտաշնչում: Այս միջոցին կարելի է դիմել, իհարկե, եթե կողը վնասված չէ։

Չի կարելի ուժգին սեղմել կրծքավանդակը, հատկապես նրա առջևի մասի և կրծքագդալի վրա. դրանից կարող են ջարդվել կողոսկորները և վնասվել ներքին օրգանները:

Հարմար է նաև հետևյալ ձևը, տուժածին պառկեցնում են երեսնիվայը, այնպես, որ գլուխը հենվի արմունկը ծալած ձեռքի վրա: Գլխի տակ նախապես դնում են թաշկինակ կամ որևէ այլ շոր: Օգնություն ցույց տվողը ծնկների վրա նստում է այնպես, որ տուժածի ազդրերը գտնվեն նրա ծնկների միջև:

Ափերը հանելով պառկածի կրծքավանդակի ստորին կողերի կողքերին, նա սեղմում է դրանք, տեղի է ունենում արտաշնշում: Երբ կրծքավանդակի վրա դադարում է ճնշումը, նա ընդլայնվում է և թոքերի մեջ օդ է մտնում, տեղի է ունենում ներշնչում :

Տուժածին գիտակցության բերելու համար անհրաժեշտ է, որ արհեստական շնչառության հետ միասին ձեռք առնվեն նաև այլ միջոցներ' երեսին ջուր ցանել, անուշադրի սպիրտ հոտոտացնել, շփել մարմինը, ստորին վերջավորությունները, խտուտ տալ ըմպանի հետին պատը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m