Առողջություն

16.06.2020
Ինչպե'ս խուսափել ճարպակալումից դիտվել է 624

Ինչպե'ս խուսափել ճարպակալումից

Այս հիվանդության կանխման կարևորագույն միջոցներից մեկը ֆիզկուլտուրան է: Կարելի է զբաղվել սպորտի բոլոր ձևերով, եթե միայն բժիշկը թույլ է տալիս: Ամռանը լավ է օրվա ընթացքում 2-3 ժամ ոտքով զբոսնել: Օգտակար է նաև տուրիզմը: Խորհուրդ է տրվում վոլեյբոլ խաղալ, զբոսնել հեծանիվով, թիավարել, սահել դահուկներով: Մեծ օգուտ է տալիս առավոտյան մարմնամարզական վարժությունների սիստեմատիկ կատարումը: Օգտակար է ծովում և գետում լողանալը, իսկ ձմռանը' մարմնի շփումը սենյակի ջրով:

Ճարպակալման բուժման գործում հիմնականը սննդի ռեժիմի ճիշտ կազմակերպումն է: Փորձը ցույց է տալիս, որ շատ հիվանդներ ավելի հաճույքով են ընդունում այս կամ այն դեղորայքը, քան համաձայնում դիետա պահպանել։ Մինչդեռ ճիշտ կազմակերպված սնունդը, աշխատանքի և կենցաղի ընդհանուր ռեժիմը ունեն նույնքան կարևոր նշանակություն, որքան ամենաներգործող դեղերը:

Ճարպակալման ժամանակ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանափակել այն սննդանյութերի ընդունումը, որոնք հարուստ են ճարպերով և ածխաջրատներով' խոզի ճարպը, երշիկը, մսեղենը, անուշեղենը և այլն: Անհրաժեշտ է օգտագործել թթու պտուղներ և մրգեղեն (բացառությամբ խաղողի և ընկույզի), մածուն, կեֆիր, բանջարեղեն (բացառությամբ կարտոֆիլի): Հեղուկի ընդունման քանակը պետք է հասցնել օրական 1-1,5 լիտրի ։

Արգելվում են ալկոհոլային խմիչքները: Պետք է սահմանափակել օգտագործվող կերակրի աղի քանակը (օրական մինչև 5 գրամ): Դրական արդյունք է տալիս այսպես կոչված «բեռնաթափման» օրերի կիրառումը: Հիվանդը կատարելով իր սովորական աշխատանքը, մեկ օր ուտում է միայն ձմերուկ կամ խնձոր' 1-1,5 կիլոգրամ, կամ էլ միայն կաթ' օրական 6-8 բաժակ:

Սա հարմար է կատարել կիրակի օրերը: Լավ օգնում են զանազան տիպի ֆիզիոթերապետիկ պրոցեդուրաները (ցնցուղներ, մասաժ, աղային և ածխաթթվային լոգանքներ, էլեկտրաբուժում): Խիստ էֆեկտիվ է կուրորտային բուժումը:

Պայքար ճարպակալման դեմ ՝ պայքար է առողջության, աշխատունակության պահպանման և երկարակեցության համար:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m