Առողջություն

07.05.2020
Ինչպես պայքարել ճարպակալման դեմ դիտվել է 2213

Ինչպես պայքարել ճարպակալման դեմ

Ճարպակալումը հիվանդություն է, որը որոշ դեպքերում լուրջ տառապանք է պատճառում: Ճարպի գերկուտակումն օրգանիզմում կարող է հանգեցնել այնպիսի կարևորագույն օրգանների գործունեության խանգարմանը, ինչպիսիք են' սիրտը, թոքերը, լյարդը և այլն։ Ճարպակալումն առաջին հերթին անդրադառնում է շնչառության վրա:

Շնչառությունը դժվարանում է, դառնում է մակերեսային, որը օրգանիզմում առաջ է բերում ածխաթթվի կուտակում և թթվածնի խրոնիկական պակաս: Մարմնի քաշի խիստ ավելացման հետևանքով շարժումները առաջացնում են մկանների մեծ ծանրաբեռնվածություն, և սիրտն սկսում է ավելի լարված աշխատել: Ի վերջո ճարպը կարող է կուտակվել անմիջապես սրտի շուրջը և անգամ սրտամկանում ու խանգարել սրտի գործունեությանը:

Ճարպակալումով տառապող մարդիկ հաճախակի գանգատվում են սրտի խփոցից, շնչահեղձությունից, գլխապտույտից, փորի փքվածությունից, ցավերից' սրտի շրջանում, մկաններում: Ճարպակալումը հաճախակի զուգակցվում է արյունատար անոթների պատերի կարծրացմամբ, նրանց անցքի նեղացմամբը, որը դժվարացնում է արյան շրջանառությունը, պակասեցնում անոթի պատի էլաստիկությունը, այն դարձնում դյուրաբեկ, հեշտ պատռվող: Իսկ սա մահացու վտանգ է օրգանիզմի համար:

Ճարպակալում ասելով, հասկացվում է նորմալ քաշի համեմատությամբ մարմնի կշռի ավելի քան քսան տոկոսով ավելանալը' ի հաշիվ օրգանիզմում ավելորդ ճարպի կուտակման: Օրգանիզմում ճարպի գերկուտակումը բոլոր դեպքերում կատարվում է որպես հետևանք այն բանի, որ յուրացված սննդամթերքի կալորիականությունը գերազանցում է օրգանիզմի կողմից ծախսված քանակին։ Ճարպակալում կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների հետևանքով, որպես բարդություն կամ էլ ոչ ճիշտ ռեժիմով ապրելու, չափից ավելի ուտելու հետևանքով ։

Ճարպակալումը հաճախակի առաջանում է մեծ քանակով ճարպեր և ածխաջրեր գործածելու հետևանքով: Ալկոհոլային խմիչքներն ու գարեջուրը, շարժումներ քիչ պահանջող, նստակյաց կյանքը նույնպես առաջացնում են ճարպակալում: Պատահական չէ, որ հիվանդագին գիրությամբ հաճախ տառապում են նրանք, ովքեր դադարում են իրենց համար սովորական դարձած ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով զբաղվելուց:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m