Առողջություն

26.04.2020
Կապույտ շրջանակներ աչքերի տակ դիտվել է 713

Կապույտ շրջանակներ աչքերի տակ

Կապույտ շրջանակներ աչքերի տակ

Աչքերի տակ կապույտ շրջանակները վատացնում են մարդկանց արտաքին տեսքը, և դա ծանր են տանում հատկապես կանայք: Խնդիրն այն է, որ մաշկն աչքերի շուրջ շատ զգայուն է և նուրբ: Նրա արտաքին շերտի` էպիդերմիսի հաստությունն ընդամենը 0,05 մմ է, իսկ, օրինակ, այտերի մաշկինը` մինչև 0,3 մմ: Բացի այդ, աչքերի շրջանում մաշկը զուրկ է ճարպային բջջանքից, ճարպագեղձերից, կոլլագենի քանակը նվազագույն է, իսկ էլաստինն ընդհանրապես բացակայում է:  Առանձնահատկություններից է նաև այն, որ այս շրջանում մազանոթային ցանցը խիստ մակերեսային է: Այդ պատճառով արյան շրջանառության ցանկացած խանգարում կարող է բերել մաշկի գույնի փոփոխության: Կապույտ շրջանակներն աչքերի շուրջ առաջանում են այն պատճառով, որ մուգ մազանոթային արյունը թափանցում է նուրբ մաշկի տակից, իսկ արյան մուգ գույնն առաջանում է նրա մեջ ածխաթթվի հետ միացած հեմոգլոբինի քանակի բարձրացման պատճառով:

Աչքերի շուրջ կապույտ շրջանակների առաջացման պատճառները

Դրանք բավականին շատ են, ընդ որում, կարող են լինել հիվանդությունների հետևանք, բայց նաև` նորմայի տարբերակ:

Պատճառներից են.

ժառանգականությունը. մաշկի կառուցվածքի և գանգոսկրի անատոմիայի գենետիկ յուրահատկությունները, մազանոթային արտահայտված ցանցը, խորը ակնաճեղքերը, տարիքը. տարիների հետ մաշկն ավելի է բարակում և մազանոթային ցանցը դառնում է առավել նկատելի:

Ախտաբանական պատճառներ

Երիկամների հիվանդություններ:  Երիկամների աշխատանքի խաթարման ժամանակ հեղուկն օրգանիզմից բավարար քանակով չի հեռանում և կուտակվում է միջբջջային տարածության մեջ` ճնշելով մանր անոթները, և, առաջին հերթին, դա արտահայտվում է աչքերի տակ: Սիրտ-անոթային հիվանդություններ: Այս ախտաբանություններին հատուկ է արյան անբավարար հարստացումը թթվածնով, նաև լյարդի աշխատանքի խանգարումը, որի դեպքում աչքերի տակ կապտությունը դեղնավուն երանգ է ունենում: Բրոնխաթոքային հիվանդություններ: Այս դեպքերում թթվածնի քանակն անբավարար է մուտք գործում շնչառական համակարգ և, արդյունքում, թթվածնի քանակն արյան մեջնվազում է: Քթի ծոցերի բորբոքումներ, սուր ռինիտ: Այս հիվանդությունների ժամանակ լինում է շրջակա հյուսվածքների այտուց, արդյունքում` երակային արյան տեղային կանգ: Աչքերի տակ կապույտ շրջանակներ կարող են առաջանալ նաև վահանագեղձի ախտաբանությունների, ալերգիկ ռեակցիաների, վիտամինային անբավարարություների (հատկապես A, C, K) ժամանակ:

Աչքերի կապույտ շրջանակների պատճառներ` անառողջ ապրելակերպի արդյունքում

ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, նյարդային գերհոգնածություն, սթրեսներ, անբավարար քուն, թթվածնային անբավարարություն. մշտական ներկայություն` տոթ տարածքում, նստակյաց ապրելակերպ, վնասակար սովորություններ` ծխելը, ալկոհոլի օգտագործումը, աղի սննդի օգտագործումը, որի ժամանակ, մուգ շրջանակներից զատ, լինում է նաև այտուց, նիհարելու նպատակով` խիստ սննդակարգերը (աչքերի շուրջ նուրբ մաշկյը չի հասցնում հարմարվել քաշի փոփոխությանը):

Ինչպե՞ս ազատվել աչքերի շուրջ կապույտ շրջանակներից

Պետք է, նախ, պարզել դրանց առաջացման պատճառը և պայքարել դրա դեմ: Եթե պատճառը սխալ ապրելակերպն է, խնդիրը կարգավորելը դժվար չէ. բավական է հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, վերանայել աշխատանքի և հանգստի ռեժիմը` խուսափել գերհոգնածությունից, սթրեսային վիճակներից,  քնել 6-8 ժամ, ամեն օր զբոսնել մաքուր օդում, քնելուց առաջ չօգտագործել մեծ քանակի հեղուկներ, նվազեցնել օգտագործվող աղի քանակը: Եթե այդ ամենը չեն օգնում, ուրեմն պետք է հետազոտվել, որպեսզի պարզվեն դրա խորքային, հիվանդագին պատճառները: Բայց երբեմն այդ շրջանակները մաշկի առանձնահատկություն են և ոչ մի կարգավորմամբ չեն անցնում, որոնք առաջանում են արդեն մանկական տարիքում: Նման իրավիճակում կարող են օգնել հատուկ քսուկները և կոսմետոլոգիական միջամտությունները: Հաճախ կիրառում են են ֆոտոերիտասարդացումը, լազերային կամ միկրոէլեկտրաթերապիան, սարքերի օգնությամբ լիմֆոդրենաժային մերսումը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m