Առողջություն

14.06.2020
Վերքեր, քերծվածքներ և ճմլվածքներ դիտվել է 1079

Վերքեր, քերծվածքներ և ճմլվածքներ

Մաշկի և լորձաթաղանթի ամբողջության ամեն մի խախտում առաջացնում է ինչպես արյունահոսության, այնպես էլ այն կեղտոտվելու և վարակվելու վտանգ: Վերքի վրա հիվանդագին միկրորներ կարող են ընկնել վնասվածի հագուստից, այն առարկայից, որը վնաս է հասցրել, օգնություն ցույց տվողի ձեռքերից և վիրակապման նյութի անբավարար մաքրությունից:

Վերքը կեղտոտվելուց խուսափելու համար չպետքե է այն լվանալ ջրով, ձեռքով շոշափել, ձգտել վերքի միջից հանել այնտեղ մտած հողի, հագուստի մասնիկները և առավել ևս' թուղթ և սարդոստայն կպցնել:

Փոքրիկ վերքերին, քերծվածքներին ու ճմլվածքներին կարելի է յոդ քսել և կապել վիրակապով կամ մաքուր, արդուկված սպիտակ կտորով: Ավելի խոշոր վերքերը պետք է կապել ախտահանված նյութով։ Այս դեպքում ամենից լավ է օգտագործել առաջին օգնության անհատական ծրարը, որը վաճառվում է դեղատներում: Ցանկալի է, որ այդ ծրարներից, ինչպես նաև դեղարկղներից լինեն ամեն մի տան:

Վերքը կապողը պետք է հիշի, որ ոչ մի դեպքում չի կարելի ձեռքով շոշափել անհատական ծրարի բարձիկը և կամ վիրակապի այն մասը, որը անմիջականորեն դրվելու է վերքի վրա: Եթե անհատական ծրար չկա, ապա կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած սպիտակ, մաքուր կտորները, որոնք պետք է նախօրոք արդուկվեն տաք արդուկով' մաքուր սավանի վրա: Վերքը պետք է լրիվ ծածկել և շատ պինդ չկապել, որպեսզի ցավ չպատճառի հիվանդին:

Առաջին օգնությունը ցույց տալուց հետո հարկավոր է հիվանդին անմիջապես տանել հիվանդանոց: Այնտեղ վերքը կենթարկեն համապատասխան մշակման և եթե կարիք լինի, կկարեն: Անհրաժեշտ է բժշկին դիմել ինչքան հնարավոր է շուտ: Ուշացումով մշակման ենթարկվող վերքերը (օրինակ, դժբախտ պատահարից 5-6 ժամ հետո) սովորաբար ավելի վատ և ուշ են առողջանում ու հաճախ բարդություններ են տալիս:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m