Հիգիենա

11.06.2020
Անձնական մաքրության եվ բարեձևության մասին դիտվել է 1510

Անձնական մաքրության եվ բարեձևության մասին

Խոսելով դաստիարակված մարդու մասին, ամենից առաջ անհրաժեշտ է նկատի ունենալ, թե նա որքանո'վ է կարողանում հետևել ինքն իրեն, սովորություն ունի' մշտապես հսկել իրեն, իր գործողությունները և արարքները:

Այդ սովորույթը արտահայտվում է մասնավորապես մարդու մշտական մաքրասիրության, մաքրակեցության և կեղտի նկատմամբ զզվանքի հասնող անհանդուրժողականության մեջ: Ոչ թե դատարկ պայմանականությամբ, այլ խելացի հիգիենիկ նկատառումներով կիրառել այնպիսի կանոններ, ինչպես հոգատարությունը մարմնի, սպիտակեղենի և թաշկինակների մաքրության վերաբերյալ, խնամքը վերնահագուստի, կոշիկների նկատմամբ և այլն:

Դրա հետ միասին հարկավոր է նշել մեկ էական մանրուք: Իհարկե, ամեն ոք գիտե, որ շատ լավ բան է օրական մի քանի անգամ լվացվելը, առավոտյան և երեկոյան ատամները մաքրելը, ամեն շաբաթ (իսկ ամռանը հաճախակի) բաղնիք գնալը, քնելուց առաջ ոտքերը լվանալը և այլն: Սակայն ոչ բոլորն են իրենց մեջ սովորություն մշակել այդ ամենը միշտ և ցանկացած պայմաններում կատարելու համար:

Բոլորին հայտնի է, որ անհրաժեշտ է կանոնավոր պահել սպիտակեղենը, հագուստը և կոշիկները: Սակայն երբեք էլ ամեն մարդ չէ, որ վարժեցրել է իրեն մշտապես հետևելու ո'չ միայն վերնահագուստի մաքրությանը, որի անկանոնությունն ու անմաքրությունն անմիջապես աչքի են զարնում շրջապատում, այլև սպիտակեղենի մաքրությանը, թեպետև այն ոչ ոք չի տեսնում, ճիշտ այնպես, ինչպես ոչ ամեն մեկը, ով սովորություն ունի միշտ, տնից դուրս գալուց առաջ մաքրել կոշիկները (որն անհրաժեշտ է անել), ուշադիր հետևում է գուլպաների մաքրությանը և սիստեմատիկորեն փոխում դրանք:

Անկասկած, յուրաքանչյուր տղամարդ գիտե, որ նա միշտ պետք է լինի մաքուր այն ժամանակ, երբ գնում է թատրոն, հյուր կամ ժամադրության, սակայն այդ անհրաժեշտ չեն համարում այն դեպքում, երբ գտնվում են աշխատանքի վայրում կամ մնում են տանը, ընտանիքում, կնոջ մոտ:

Մարդու դաստիարակության մասին մենք դատում ենք ոչ թե ըստ այն բանի, թե նա որքանով է հասկանում մաքրակեցության և մաքրասիրության կարևորությունը, այլ ըստ այն բանի, թե այդ հատկությունները արդյո'ք դարձել են մարդու համար բնական պահանջ, նրա սովորությունները:

Բարեկիրթ մարդը պետք է հետևի իր արտաքինին: Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն իրենց համար կարել տալու մոդայական կոստյում, զգեստ կամ վերարկու (ասենք դա երբեք էլ չի մտնում բարեկրթության պահանջների մեջ), բայց յուրաքանչյուրը կարող է հասնել այն բանին, որ իր հագուստը լինի մաքուր, արդուկված և անթերի: Մոդան «գերազանցելու» ձգտումը, այն ծայրահեղության, անհեթեթության հասցնելը (ինչպես այդ անում են, այսպես կոչված, «ստիլյագները») վկայում է անհամեստության մասին, իր տեսքով շրջապատողներին զարմացնելու ձգտման և իր վրա գրավելու մասին, որը ընդհանուր ոչինչ չունի բարեկրթության հետ:

Ճիշտ այդպես էլ չարժե հագուստը «զարդարել» անճոռնի արհեստական ծաղիկներով, ամեն տեսակի կախազարդերով ու կրծքանշաններով, որոնք չեն հանդիսանում որևէ տարբերանշան: Պետք է խուսափել այնպիսի թանկարժեք իրերի գործածումից, որոնք ունեն միայն զարդարանքի բնույթ և չեն կատարում ոչ մի օգտակար դեր, ինչպես օրինակ, հուլունքները, ապարանջանները և այլն: Կինը բացարձակապես լավ պետք է պահի ամենից առաջ սանրվածքը, եղունգները, կոշիկները, պայուսակը և ձեռնոցները: Կարիք չկա շատ ուժեղ դուխիներով օծվելու, քանի որ նրանց հոտը կարող է շրջապատին դուր չգալ: Տանը կարելի է ման գալ պիժամայով, բայց միայն հագնել շապկի վրայից: Սեղանի մոտ պիժամայով կարելի է նստել միայն այն ժամանակ, երբ օտար, ոչ ոք չկա. հակառակ դեպքում հարկավոր է հագնել սովորական հագուստ։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m