Խոհանոց

15.06.2020
Ինչպես սպասադրել ճաշասեղանը դիտվել է 801

Ինչպես սպասադրել ճաշասեղանը

Նախ և առաջ սեղանի վրա փռում են լավ արդուկված ծածկոց: Ծածկոցի միջին ծալքը պետք է անցնի սեղանի կենտրոնով: Նայած սեղանի շուրջը նստողների թվին, դնում են բարակ շերտերով կտրված հացով լի մի քանի ափսեներ, որոնք պետք է որքան հնարավոր է մոտ լինեն սպասքին: Գինին (բացի շամպայնից) պետք է սեղանի վրա դնել խցանը հանած և շշի բերանը լավ մաքրված վիճակում: Օղին և թրմօղին ավելի լավ է մատուցել գրաֆիններով:

Նախուտեստը (զակուսկա) դնում են սեղանի տարբեր տեղերում:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի և հյուրի համար դնում են մեկ հատ ճաշի փոքր ափսե, իսկ նրա վրա' նախուտեստի ափսե:

Յուրաքանչյուր ափսեի աջ կողմում դնում են ու դանակը (շեղբը դեպի ափսեի կողմը), ձախ կողմում' պատառաքաղը: Գդալները ու պատառաքաղները պետք է դրվեն գոգերը դեպի վեր: Եռանկյունաձև կամ թասակաձև անձեռոցիկները դրվում են ափսեի վրա:

Եթե ճաշը տոնական է, ամեն մի սպասքի կողքին, բացի գինու րաժակից, հարկավոր է դնել նաև ըմպանակ կոնյակի կամ օղու համար: Հանքաջրերի ու մրգաջրերի համար կարելի է դնել բարձր գավաթ։

Սպասադրված սեղանը շատ են գեղեցկացնում թարմ ծաղիկները: Դրանք տեղավորում են (ցածր ծաղկամաններում) սեղանի մեջտեղում կամ սեղանի միջին գծի երկու- երեք տեղերում:

Ճաշասեղանի մոտ, տանտիրուհու կողքին կարելի է դնել նաև մի փոքրիկ սեղան, որի վրա հարմար է տեղավորել ապուրամանը, լրացուցիչ ճաշերն ու մաքուր ափսեները և այլն:

Ճաշողների թիվը շատ լինելու դեպքում ավելի հարմար է կերակրատեսակները բաժանել առանձին առանձին: Ընդ որում պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. երբ բաժանում են արդեն ափսեի մեջ դրված ուտելիքը, հարկավոր է այն հյուրին մատուցել աջ կողմից։ Եթե ուտելիքը մատուցվում է սկուտեղի մեջ և հյուրն ինքն է լցնելու իր ափսեի մեջ, ապա հյուրին մոտենում են ձախ կողմից:

Երեկոյան թեյասեղանը սպասարկում են մի փոքր այլ կերպ: Սեղանի վրա փռում են գունավոր ծածկոց: Ինքնաեռը կամ ջրով թեյնիկը դնում են այն սեղանիկի վրա, որը կիպ է սեղանի եզրին, որտեղ նստած է թեյը լցնող տանտիրուհին: Սեղանի հենց այդ եզրին էլ տեղավորում են թեյի ամանեղենը' թասերն ու բաժակները:

Սեղանի կենտրոնում դնում են մուրաբայի և կոնֆետի ամանները, դրանց կողքին' կարկանդակով լցված ու անձեռոցիկով ծածկված պաքսիմատամանը, այնուհետև' բարակ շերտով կտրտված լիմոնի ափսեներ, սեր կամ կաթ, շաքար և մուրաբայի փոքրիկ պնակ: Այսպիսի սեղանին լավ կլինի մատուցել նաև 1-2 շիշ քաղցր գինի:

Եթե թեյը փոխարինում է թեթև ընթրիքին, ապա սեղանի վրա դնում են կարագ, պանիր, խաշած միս, վետչինա կամ երշիկ և բուտերբրոդի այլ սննդամթերքներ: Գինին տեղաբաշխում են ամբողջ սեղանին համահավասար:

Ընտանիքի անդամի կամ հյուրի համար պետք է դնել փոքրիկ (անուշեղենի) ափսե, նրա վրա դնել թեյի անձեռոցիկը, ափսեյից ձախ' պատառաքաղը, իսկ աջ կտղմում' դանակը:

Սեղանի սպասադրման հիմնական նպատակն է' ճաշի կամ թեյասեղանի հարմարությունը, մաքրությունը և հաճելի տեսքը: Ամեն մի տնտեսուհի այս կամ այն դեպքում կարող է սեղանը սպասադրել ըստ իր ճաշակի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m