Լվացք

23.04.2020
Ինչպես լվանալ բնական մետաքսե իրերը դիտվել է 744

Ինչպես լվանալ բնական մետաքսե իրերը

Բնական մետաքսե իրերը լվանալու համար կարելի է օգտագործել միայն չեզոք, առանց ալկալիի օճառներ, այլ նպատակով խորհուրդ է տրվում մանկական կամ ձեռքի օճառ, բայց ոչ գունավոր, կարելի է գործածել նաև «օճառի փոշի»: Գունաթափվող իրերը լավ է լվանալ օճառի փոշիով

Բնական մետաքսե իրերը պետք է լվանալ օճառի փրփըրում կամ 40-45 աստիճանից ոչ բարձր տաքության օճառի լուծույթում: Գունաթափվող իրերը լվանում են 30 աստիճան տաքություն ունեցող լուծույթում: Լվացքի լուծույթը պատրաստում են եռման ջրում, որի 10 լիտրի (մեկ դույլի) մեջ լուծում են 40 գրամ օճառ կամ նույն քանակությամբ օճառի փոշի:

Լվանալիս ոչ մի դեպքում չպետք է գործվածքի առանձին մասերին օճառ քսել, կամ ուժեղ տրորել, դրանից իրերի արտաքին տեսքը կարող է փչանալ. պետք է իրը ձեռքերով թեթևակիորեն մզել:

Լվանալուց հետո իրը մեկ անգամ պարզաջրում են տաք (լավ է եռացրած) և երկրորդ անգամ սառը ջրում, ավելացնելով քացախ (մեկ լիտր ջրին' 1 ճաշի սպիտակ քացախ): Պարզաջրված գործվածքը չպետք է ոլորելով մզել: Որպեսզի գործվածքը չգունաթափվի, այն պետք է սրբիչի կամ սավանի մեջ արագ փաթաթել և մզել: Ամենից լավ է մետաքսե իրերը չորացնել բաց օդում կախված վիճակում:

Մետաքսե իրերը հարկավոր է արդուկել հակառակ երեսից և ոչ շատ տաք արդուկով: Արդուկելուց առաջ պետք է սպիտակ չոր շորի վրա փորձել, թե արդուկը չի' այրում արդյոք: Արդուկելիս իրը պետք է մի քիչ խոնավ լինի:

Ֆալդեշին, կրեպ-սատին, կրեպ-ֆլորա տեսակի գործվածքները խորհուրդ չի տրվում լվանալ, որովհետև լվացումից նրանց արտաքին տեսքը փչանում է: Այդ գործվածքները ավելի լավ է մաքրել քիմիական եղանակով:

Թավիշը և մյուս խավոտ գործվածքները ոչ թե լվանում, այլ մաքրում են: եթե նման գործվածքի խավը տրորված է, անհրաժեշտ է այդ տեղը մի քանի րոպե գոլորշու վրա պահել և ապա կախված վիճակում հակառակ երեսից արդուկել:

Կրեպ տեսակի գործվածքները լվանալիս մյուս գործվածքների համեմատությամբ ավելի շատ են կծկվում նեղանում, ուստի խորհուրդ է տրվում արդուկելիս խոնավ գործվածքը թեթևակիորեն ձգել:

Երբ սպիտակ իրերը լվանալուց հետո բավականաչափ չեն սպիտակում, ապա դրանք սպիտակեցվում են: Դրա համար 1 լիտր ջրին ավելացնում են մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ և մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ: Այդ լուծույթում (30-40 ջերմաստիճան տաքության) իրերը 10-15 րոպեի ընթացքում թրջում են, մի քանի անգամ լավ խառնում և ապա մաքուր գոլ ջրում լվանում:

facebook-m
instagram-m
send-m
search-m