Մայրություն

27.04.2020
Գիշերամիզություն դիտվել է 964

Գիշերամիզություն

Երբեմն գիշերամիզություն է լինում այն պարզ պատճառով, որ երեխան դեռևս չի հասունացել: Շատ ծնողներ պարզապես դա չեն գիտակցում ու պահանջում են, երբեմն` զայրույթով, որ երեխան այլևս նման բան չանի: Շատ երեխաների մոտ (գրեթե 70-80%), գիշերամիզությունը դադարում է 4 տարեկանին մոտ, մի մասն էլ խնդրից ազատվում է 6 տարեկանում: Ամեն տասներորդ առաջինդասարանցին գիշերը տակը թրջում է: Հետաքրքիր է, որ այդ խնդիրն ավելի հաճախ պատահում է տղաների մոտ: Բժիշկներն էլ կարծում են, որ գիշերամիզությունը 5-ամյա երեխայի համար դեռևս նորմի խախտում չէ ու վաղ է անհանգստանալ դրա պատճառով: Դա նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, որոնք վերահսկում են միզապարկի աշխատանքը, դեռևս լիովին չեն գործում: Դրա համար էլ երեխաները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում:

Երեխան իրեն դժբախտ է զգում այն գաղափարից, որ չի կարողանում իրեն ղեկավարել ու չի էլ կարողանում ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Հաջողության կարելի է հասնել փուլ առ փուլ իրականացվող պլանի օգնությամբ, որին երեխան պետք է հետևի ծնողների ու բժշկի աջակցությամբ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան անձամբ պետք է ցանկանա մասնակցել այդ պլանին: Կարևոր է, որ երեխայի վրա ճնշում չլինի: Նույնիսկ ծնողները պետք է զինվեն սառնասրտությամբ, չհանդիմանեն ու չափից շատ չգովեն երեխային: Միայն այդ կերպ կարելի է հաջողության հասնել: Յուրաքանչյուր փուլին 2 շաբաթ է հատկացվում:

Երեխայի համար հատուկ օրացույց գնեք կամ կազմեք, որի վրա ամեն չոր գիշերվա դիմաց ժպտադեմ պատկերով գերազանց նշանակեք, իսկ թաց գիշերները կմնան դատարկ: Երեխան աստիճանաբար կձգտի, որ իր օրացույցում միայն «գերազանց» տեսնի:

Երեխան քնելուց առաջ պետք է զուգարանում հանգիստ նստի զուգարանակոնքին, որպեսզի միզապարկը թուլանա ու լիովին դատարկվի: Դրա համար նույնիսկ խաղալիք ու գիրք կարելի է տալ, որ փոքրիկը հանգիստ զբաղվի ու չկենտրոնանա պրոցեսի վրա: Երեխայի համար այդ պրոցեսը պետք է հաճելի լինի, որ նա դրանից չխուսափի:

Մինչ դուք կգնաք քնելու, երեխային զգուշորեն արթնացրեք ու տարեք զուգարան: Երբեք քնած երեխային չնստեցնեք գիշերանոթին. նա պետք է գիտակցի այդ պրոցեսը: Նպատակն այն է, որ երեխայի մեջ միզապարկի զգացողություն արթնանա: Դա նշանակում է, որ «լիքն է» ազդանշանը նրան պետք է քնից արթնացնի ու զուգարան տանի: Բացի այդ, երեխան քնելուց առաջ պետք է ինքն իրեն բարձրաձայն ասի`«ես ուզում եմ զուգարան գնալ»:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m