Վայրի կենդանիները բնազդաբար ընդունում են անհրաժեշտ սնունդը: Մարդու ճաշակը որևէ կերակրի նկատմամբ կյանքի ընթացքում առաջանում է շրջապատի ազդեցության հետևանքով (ընտանիքի անդամները, աշխատակիցները և այլն):
Բժշկագիտությունը համեմատաբար վերջերս սահմանել է ճիշտ սնվելու հիմունքները: Այս փաստը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն, եթե հաշվի առնենք, որ ճիշտ սնունդը պահպանում է մարդու օրգանիզմը մի շարք հիվանդություններից, բարձրացնում է դիմադրողականությունը որոշ հիվանդաբեր հանգամանքների նկատմամբ, կանխում է մարմնի քաշի չափից դուրս ավելացումը, հետաձգում է ծերացման պրոցեսը և այլն:
Սննդի խանգարումները կարող են դառնալ ատամների կարիեսի (ոսկրափուտ), գարնանային հոգնածության, մրսելուց առաջացած հիվանդությունների, սակավարյունության և այլ հիվանդագին վիճակների պատճառ:
Սխալ սնվելը նույնպես կարող է իջեցնել ամուսինների բեղմնավորման ընդունակությունը:
Մարդու գործածած սնունդը պետք է համապատասխանի հետևյալ հիմնական պահանջներին.
ա) այն պետք է լինի բազմազան,
բ) պետք է լինի բավականաչափ կալորիական, որը մեկ օրում հասուն կնոջ համար կազմում է մոտավորապես 2500 - 2800 կալորիա,
գ) նրանում պարունակվող սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը պետք է լինեն հարաբերակցության մեջ,
դ) սնունդը պետք է պարունակի բավական քանակությամբ վիտամիններ: