Խոհանոց

16.07.2020
Սուրճի սեղանի մոտ դիտվել է 1559

Սուրճի սեղանի մոտ

Հյուրասիրությունը սուրճի սեղանի մոտ շատ տարածված է: Սովորաբար սուրճի սեղանը բացում են 6-ից հետո, իսկ տոնակատարությունների ժամանակ սուրճը մատուցում են վերջում, ինչն ազդարա րում է տոնակատարության ավարտը:

Սեղանը պետք է ձևավորել գեղեցիկ, հաճելի, հարմար և ճաշակով: Այս ամենն ազդում է հյուրերի տրամադրության վրա: Բարձր տրամադրություն ապահովելու համար պետք է ճիշտ ընտրել սփռոցը, անձեռոցիկը, սպասքը: Սեղանն ավելի գրավիչ դարձնելու համար կարելի է դնել ծաղիկներ և ոչ շատ մեծ մոմակալներ: Սեղանի կենտրոնական մասում կարելի է դնել մրգերն ու քաղցրեղենը:

Սկզբում դնում են խմորեղենի համար նախատեսված ափսեն' աջից դնելով գդալ կամ պատառաքաղ: Սուրճի բաժակները դնում են ափսեից վերև և աջ ընկնող հատվածում' սեղանի ծայրից 5-10սմ հեռավորության վրա, բաժակի պոչը պետք է ուղղված լինի դեպի աջ և զուգահեռ լինի սեղանի ծայրին: Ափսեի վրա դնում են գդալ, որի պոչը նույնպես պետք է ուղղված լինի դեպի աջ: Սուրճի բաժակի տակ հարկավոր է դնել թղթյա անձեռոցիկ, որպեսզի ներծծի թափված ըմպելիքի կաթիլները:

Ափսեի առջևում կարելի է դնել խմիչքի (կոնյակի, լիկյորի, հյութի, հանքային ջրի) համար նախատեսված բաժակը: Սովորաբար սուրճի հետ մատուցում են միայն կոնյակ, սակայն մնացած խմիչքները դնում են օժանդակ սեղանի վրա և մատուցում հյուրերին ցանկության դեպքում, սուրճը լցնելուց հետո:

Պետք է դնել նաև շաքարամանը' իր գդալով, կաթով կամ սերուցքով ամանները: Սուրճի բաժակը հյուրին մատուցում են աջ կողմից: Պետք չէ սեղանը շատ ծանրաբեռնել քաղցրեղենով և մրգերով: Տանտիրուհին իր կողքին պետք է ունենա օժանդակ սեղան:

Սուրճի սեղանի սպասքավորումը սկսվում է սփռոցի ընտրությունից: Պետք է նախապատվությունը տալ վառ գույնի կամ սպիտակ և նուրբ ասեղնագործված սփռոցներին:

Սուրճը խմելու մի քանի կանոններ'

  • Գդալով խառնում են սուրճը և գդալը նորից դնում անպայման ափսեի վրա:
  • Պետք չէ սուրճի մեջ թխվածքաբլիթ թաթախել:
  • Պետք է բերանում եղած սնունդը կուլ տալ, ապա նոր սուրճը խմել:
  • Ափսեն պահել ձախ ձեռքում, իսկ աջով' բաժակը:
  • Պետք է ճկույթը մոտ պահել մատնեմատին:
  • Եթե սուրճը կաթով են մատուցել' ափսեն թողնել սեղանի վրա:
  • Շաքարը վերցնում են ձեռքով' առանց դիպչելու մնացած կտորներին, կամ աքցանով:
user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m