Խոհանոց

03.08.2020
Ծիրանի շաքարածոր (ЦУКАТ) դիտվել է 1400

Ծիրանի շաքարածոր (ЦУКАТ)

Տարբերակ 1

Անհրաժեշտ է

  • 5 կգ ծիրան
  • 2,5 կգ շաքարավազ
  • Կիտրոնի աղ

Ծիրանի շաքարածոր պատրաստելու համար ընտրում եմ առողջ, հավասարաչափ, ոչ շատ հասունացած մրգերը: Լավ լվանում եմ, հեռացնում կորիզը առանց ծիրանը բացելու (գործիքով պոչի մասից հրում եմ, կորիզը դուրս է թռչում առանց միրգը ճզմելու): Կորիզահան մրգերը լցնում եմ կրաջրի մեջ (մեկ դույլ ջրին մի լավ բուռ կիր), թողնում 3 ժամ, ոչ ավել (շատ թողնելուց կոշտանում է):

Կրաջրից հանում եմ և լավ լվանում հոսող ջրի տակ այնպես, որ կրային ոչ մի հատիկ չմնա մրգի վրա: Կրաջրից հանելուց, լվանալուց հետո լավ ջրքամում եմ, նոր կշռում: Չիրը որակյալ է ստացվում, եթե պատրաստում եմ 5-ական կգ-ով: 2,5 կգ ծիրանին նախատեսում եմ 1 կգ շաքարավազ

Նախատեսված շաքարավազը բաժանում եմ 2 մասի. օրինակ 5 կգ-ի դեպքում 2 կգ շաքարավազ: Ճիշտ 1 կգ-ը մի սուրճի բաժակ ջրով պատրաստում եմ օշարակ. ջուրը լցնում եմ ալյումինե ամանի մեջ եռացնում, քիչ-քիչ ավելացնում շաքարավազը, անընդհատ խառնում քիչ-քիչ մեջը լցնում ծիրանները և մինչև եփվելն անընդհատ շուռումուռ տալիս:

Եթե օշարակը պտղամսի մեջ ներծծվում է և միրգը բյուրեղի տեսք է ստանում, ուրեմն եփված է: Միրգը չպետք է լխկվի և հում էլ չմնա: Հանում եմ օշարակից, շարում քամիչի վրա, մնացած շաքարավազն ու քամված շաքարաջուրը լցնում եմ օշարակի վրա և թանձրացնում օշարակը

Այդ ընթացքում ծիրանները հատիկ-հատիկ շարում եմ սկուտեղի վրա, որի մեջ պետք է չորանան, վրան լցնում եմ օշարակը: Ամեն օր 2-3 անգամ շուռ եմ տալիս, մինչև որ օշարակը ներծծվի: Արևի տակ լավ է չորանում, և ծածկում եմ թանզիֆով կամ սննդային ցանցով այնպես, որ միջատները կամ մեղուները չհարձակվեն օշարակի վրա:

Այսպես, հավաքել, երբ բութ մատով և ցուցամատով սեղմելիս մատերը, չմտնեն մեջը: Թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակ փռեք, վրան մեկ շերտով շաքարածոր շարեք, վրան նորից պոլիէթիլենային շերտ փռեք և այդպես արկղը լիքը լցրեք ու պահեք հով, հնարավորինս սառը տեղում: Կան մարդիկ, որ լցնում են ապակե տարաների մեջ և փակում:

Տարբերակ 2

5 կգ ծիրանի համար

Ծիրանը լվանալ, կորիզները հեռացնել, կարելի է 2 կես անել, 0,5 լ ջուրը և 1,5 կգ շաքարավազը եփել, որ դառնա օշարակ, ավելացնել 10 գ կիտրոնի աղ, ծիրանները քիչ-քիչ լցնել օշարակի մեջ, շուռումուռ տալ այնքան, որ շաքարաջուրը պտղամսի մեջ եռա, թափանցիկի տպավորություն թողնի, բայց չլխկվի:

Ամբողջ ընթացքում ծիրանները մշակել, հետ ու առաջ անել, շուռումուռ տալ, հանել, լցնել քամիչի վրա, այնպես, որ իրար վրա չլցվեն: Եղած օշարակին ավելացնել 1 կգ շաքարավազ, 5 գ կիտրոնի աղ, լավ եփել, թողնել հովանա, ծիրանները հատիկ-հատիկ լցնել մեջը, թողնել 5 ժամ, հանել ծիրանները, շարել քամիչի վրա, թողնել 5 րոպե քամվի, այդ օշարակը լցնել ընդհանուր օշարակի վրա և եփել, ծիրանները հատիկ- հատիկ լցնել մեջը, եփել 3-5 րոպե (ոչ ավել), հանել ու չորացնել:

Ծիրանի շաքարածորը կարելի է չորացնել իր օշարակի մեջ. հատիկ-հատիկ փռել մի քիչ խորը սկուտեղի մեջ, վրան լցնել լավ խիտ օշարակը և դնել արևի տակ: Օրվա ընթացքում ամենաքիչը 2 անգամ շուռ տալ, սկուտեղը ծածկել ցանցով, շաքարածորը պաշտպանել փոշուց, միջատներից: Փորձառու չորացնում են այնպիսի արկղի մեջ, որի վերևն ու 2 կողմերն ապակի են, մյուս երկու կողմերը' ցանց:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m