Ֆիկուսը մշտադալար բույս է, փայլուն խոշոր տերևներով։ Աճեցման պայմանների նկատմամբ ֆիկուսը քիչ պահանջկոտ է: Հեշտությամբ բազմանում է բաժակում լցված ջրում դրված կտրոններով:
Արմատակալած կտրոնները տնկում են սննդարար հողի մեջ: Հասակավոր բույսերը վերատնկում են 3-5 տարին մեկ' գարնանը ավելի մեծ ծաղկամանների մեջ (սննդարար հողի խառնուրդը բաղկացած է' տերևահողային, կոմպոստ, հողերից և ավազից): Ամռանը, բացի ջրելուց, ֆիկուսը անհրաժեշտ է սնուցել և տերևները հաճախակի լվանալ: Զմռանը ֆիկուսը չափավոր են ջրում:
Բաղեղը մագլցող թուփ է: Սա ամենատարածված փաթաթվող բույսն է։ Աճեցնում են մշտադալար, գեղեցիկ, սրտաձև տերևների համար: Մեկ հատիկ բույսը կարող է լրիվ կերպով հյուսել սենյակի պատերը և առաստաղը: Բաղեղը քիչ պահանջկոտ բույս է և լավ է ինչպես շոգ, այնպես էլ զով սենյակներում:
Բաղեղը բազմացնում են կտրոններով, որոնք արմատակալելուց հետո տնկում են պարտեզի հողով լի ծաղկամանների մեջ: Բաղեղը վերատնկում են տարին մեկ անգամ' վաղ գարնանը: