Բույսեր

17.06.2020
Մեխակ դիտվել է 1209

Մեխակ

Մեխակը մեր ամենասիրված ծաղիկներից է, որովհետև նա իր մեջ ամփոփում է ծաղիկներից պահանջվող բոլոր հատկանիշները' ծաղիկների բազմերանգություն, սքանչելի բուրմունք, առատ ծաղկում և այլն:

Մեխակը բազմացնում են սերմերով կամ կտրոններով: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերից առաջացած բույսերի մի մասը ծաղկում են ոչ միաթերթ, մանր ծաղիկներով, ուստի տներում մեխակ աճեցնել ցանկացողներին խորհուրդ ենք տալիս բազմացումը կատարել կտրոնների միջոցով, վերցնելով կտրոնները բարձրորակ բույսերից: Կտրոն վերցնելու համար պետք է մեխակի լավ զարգացած ճյուղերից անջատել այն չափի կտրոն, որը իր վրա ունենա 4-5 աչք, սուր դանակով կամ ածելիով թեք կտրել աչքի տակից, և այն տնկել:

Կտրոններով բազմացումը կատարվում է հետևյալ կերպ:

Նախօրոք ընտրված մայր բույսերից հունվար-ապրիլ ամիսներին վերցնում են կտրոնները: Նախքան կտրոնը վերցնելը պետք է արմատակալման տեղը նախապատրաստել: Դրա համար վերցնում են միջակ մեծության թաղար (իսկ եթե մեծ քանակությամբ են արմատակալեցնում, ապա մոտ 10-12 սմ խորություն ունեցող արկղ), հատակին 2 սմ շերտով լցնում են կոտրած թաղարների կտորտանք, նրա վրա մի քանի սմ շերտով' լավ հող, իսկ դրա վրա 4-5 սմ շերտով' գետի մաքուր ավազ:

Կտրոնները ցածի ծայրով տնկում են ավազի մեջ' 2-3 սմ խորությամբ: Որպեսզի արմատակալումը ավելի արագ կատարվի, խորհուրդ է տրվում կտրոնի ցածի ծայրը մոտ 14 սմ խորությամբ ճեղքել և ապա տնկել: Այն պետք է ջրել և դնել 10-12 ջերմություն ունեցող սենյակի պատուհանում: Մինչև արմատակալելը կտրոնները պետք է պաշտպանել արևի ճառագայթներից' ծածկելով թղթով:

Սովորաբար 10-15 օրից հետո կտրոնները արմատակալում են: Դրանից հետո մի առժամանակ պետք է թողնել նույն տեղում, մինչև որ կսկսեն արագ աճել: Երբ նրանք կհասնեն 12-13 սմ բարձրության, պետք է հանել և մեկական հատ տնկել 12 լիտրանոց թաղարների մեջ:

Անպայման թաղարի հատակին 2-3 սմ շերտով պետք է ջարդած թաղարի կտորտանք լցնել, որպեսզի հողի շերտում ջուրը կանգ չառնի: Միաժամանակ պետք է ծայրերը կտրատել, որպեսզի նրանք ճյուղավորվեն և ավելի գեղեցիկ բույսեր ստացվեն: Որոշ ժամանակից հետո այս գործողությունը պետք է կրկնել, կտրելով բոլոր ցողունների ծայրերը:

Արմատակալած կտրոնները առանձին թաղարների մեջ տնկելուց հետո, մի քանի օր պետք է բույսերը թղթով ծածկել իսկ տաք օրերին' բույսերի վրա ջուր սրսկել: Առողջ բույսեր ստանալու համար ցանկալի է բույսերը պահել մոտ 10 աստիճան պայմաններում: Երբ բույսերը այնքան մեծանան, որ նրանց արմատները պատեն հողը, պետք է հանել և վերատնկել մոտ 2 լիտրանոց թաղարների մեջ:

Գարնանը այս բույսերը հենց թաղարներով, կամ առանց թաղարների, կարելի է տնկել դրսում, մարգերի մեջ, իսկ աշնանը նորից ներս բերել: Կարելի է պահել նաև թաղարների մեջ, պատշգամբում կամ հենց սենյակի պատուհանում: Սենյակում պահելու դեպքում բույսը պետք է հաճախ օդափոխել:

Ամառվա երկրորդ կեսին մեխակը կսկսի ծաղկել, և ծաղկումը կշարունակվի մինչև ձմեռվա կեսը: Կարելի է կտրոնները վերցնել նաև ամառվա երկրորդ կեսին: Այդ դեպքում բույսերը կսկսեն ծաղկել վաղ գարնանը:

Որքան սենյակը հով լինի, այնքան մեխակի ծաղկումը երկարատև կլինի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m